Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձևավորման 25-ամյա հոբելյանին նվիրված՝ օրերս տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են հեռուստառադիոընկերությունների, ցանցային օպերատորների, հեղինակազորված ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, անկախ սահմանադրական մարմինների, ՀՀ-ում գործող դեսպանությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Այսօր մենք բոլորս նկատում ենք, որ Հանձնաժողովը փորձում է վերաիմաստավորել իր գործունեությունը, իր առաքելությունը, և մենք կարծում ենք, որ մեզ մոտ ինչ-որ չափով դա ստացվում է։ Եվ այդ պատճառով 25 տարին մենք եզրագիծ չենք համարում։ Մենք գտնում ենք, որ ճանապարհի կեսին ենք և բավականին մեծ ծավալի աշխատանք ունենք, քանզի չի կարող լինել հասարակության, մեդիայի վստահություն, եթե նրանք համոզված չլինեն քո որոշումների անաչառության և անկախության մեջ»,- ողջույնի իր խոսքում շեշտել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ ամենակարևոր ձեռքբերումն այսօրվա ՀՌՀ-ի անկախ կարգավիճակն է։
«Մենք կարողանում ենք ընդունել որոշումներ, որոնք, միգուցե, այս կամ այն քաղաքական ուժին, իշխանություններին, անհատներին հաճո չլինեն։ Բայց դրանք առաջինը ծառայում են հանրային շահին, օբյեկտիվ են, անկողմնակալ և զերծ են դրսի ճնշումներից: Սա ամենամեծ նվաճումն է»,- ասել է նա՝ առաջիկա անելիքների շարքում կարևորելով տեսալսողական մեդիայի ամբողջ դաշտը կարգավորելու առաջնահերթությունը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այսօր համացանցի, արհեստական բանականության գործիքների միջոցով ստեղծված տեղեկատվական քաոսն իր մեջ պարունակում է բավականին մեծ սպառնալիքներ։
«Եթե հաշվի առնենք նաև թարգմանության հեշտությունն այսօր, ապա Հայաստանի համար ցանկացած վնասակար բովանդակություն կարող է թարգմանվել հայերեն և գալ Հայաստան։ Եվ դրա հակաթույնը այսօր մեր պետությունը, ցավոք, չունի։ Կարծում եմ՝ սա մեր առաջիկա անելիքներից ամենակարևորն է»,- նշել է Տիգրան Հակոբյանը։
Շնորհավորական ելույթով հանդես է եկել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի (ԳԿՄՍԵՍ) հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն՝ արձանագրելով ՀՌՀ-ի կողմից վերջին տարիներին կատարած նշանակալի աշխատանքը և ձեռքբերումները։
Ելույթների ավարտից հետո միջոցառմանը ներկա հյուրերի ուշադրությանն է ներկայացվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսաֆիլմը:
2000թ. հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովն ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը։ ՀՀ Սահմանադրության և Օրենքի հիման վրա 2001թ. ստեղծվել է կարգավորող պետական անկախ մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ներկայում, ըստ գործող Սահմանադրության՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով): Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է 2001թ․ մարտի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով:



