
Մենք նախագծի շուրջ աշխատում ենք շուրջ երկու տարի և բավականին մեծ ճանապարհ ենք անցել, մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնականացվում են: Մենք ունենք նաև առանձին արդյունքներ շարժունության, տրանսպորտային նախագծի մասով, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններն են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք իրականացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին:
«Մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը, այնպես որ, այո՛, առաջին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականը իրականացնելը, ես իրատեսական եմ համարում: Ուզում եմ հիշեցնել՝ առաջին փուլի համար նախատեսված է, որ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ը կլինի ակադեմիական քաղաքում, մենք կունենանք շուրջ 3,600 ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի քաղաքը սկսի գործել և մնացածն արդեն հետագա փուլերի ժամանակ կամբողջացվի»,-նշել է նա:
Հարցին՝ որքա՞ն է կազմում այդ մեգանախագծի համար նախատեսվող գումարը՝ նախնական հաշվարկով, նախարարը ձեռնպահ է մնացել նշել:
«Այս փուլում մենք գտնվում ենք ֆինանսական և ներդրումային պլանի մշակման ընթացքում, աշխատում ենք հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ և առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ կունենանք ամբողջական թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը: Սա նշանակում է, որ մենք պլանավորում ենք այս մեծածավալ ծրագիրը ոչ միայն պետական բյուջեի միջոցներով իրականացնել, այլ ունենալ նաև ներդրումային համապատասխան միջավայր և տարբեր բաղադրիչներով ներգրավենք գործընկերների»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նա հավելել է, որ ծրագրին արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն կա և առաջիկայում կունենան առանձին ներդրումային աշխատաժողովներ, որտեղ կներգրավվեն մասնավոր ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների՝ ծրագրի հետագա ֆինանսավորումը ապահովելու համար։