ԱՄԷ-ի և Իսրայելի արտգործնախարարները քննարկել...

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում իր իսրայելցի պաշտոնակից Գիդեոն Սաարի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրադրությունը: Այս մասին հաղորդել է ԱՄԷ-ի պետական ​​լրատվական գործակալությունը:

Ըստ հրապարակման՝ նախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելուն և իսրայելցի պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։

Բացի այդ, ԱՄԷ արտգործնախարարը X սոցիալական ցանցում նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին իրադարձությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի էսկալացմանը»։

Իր հերթին իսրայելական կողմը հայտարարել է, որ նախարարների հանդիպմանը քննարկվել է «տարածաշրջանային խնդիրների ողջ շրջանակը»։

Միևնույն ժամանակ Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող օբյեկտին, որտեղից, ըստ նրանց, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Գազայի հատվածում հրթիռային կայանքին, որտեղից ավելի վաղ արկեր են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասվում է Իսրայելի զինվորականների հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաղորդել էր, որ երկրի ղեկավարը կարգադրել է «վճռական պատասխան» տալ և հավանություն է տվել Գազայի հատվածում «ուժեղացված» ռազմական գործողությունների շարունակմանն այն բանից հետո, երբ այդ գոտուց շուրջ 10 հրթիռ է արձակվել է Իսրայելի հարավի ուղղությամբ։