Ամբողջովին մաքրվել եւ հողածածկվել է Վարդենիս...

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ մայիսի 16-ց 18-ն ընկած ժամանակահատվածում «Վարդենիսի կոմունալ տնտեսություն եւ բարեկարգում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տեխնիկական միջոցների ընդգրկմամբ ու անձնակազմի մասնակցությամբ ամբողջովին մաքրվել եւ բարեկարգվել է Վարդենիս քաղաքի գլխավոր աղբավայրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, աղբավայրի մաքրման, բարեկարգման եւ հողածածկման աշխատանքներում ընդգրկվել է 35 միավոր տեխնիկա եւ մինչեւ 50 բանվոր։ Ավելի քան 4 հեկտար տարածք ընդգրկող աղբավայրում կուտակված աղբը տեխնիկաների միջոցով տեղափոխվել եւ խտացվել է մոտ 1 հեկտար ընդգրկող տարածքում, որտեղ եւ իրականացվել է ամբողջական աղբաթաղում։ «Այժմ արդեն նախկին աղբավայրի աղտեղությունից հետք անգամ չի մնացել, տարածքն ամբողջովին հողածածկված ու հարթեցված է, միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի բնակիչների կողմից աղբի նոր կուտակումները կանխվեն, իսկ առաջիկայում աղբավայրի ողջ տարածքը բարերարների միջոցներով կցանկապատենք ու կիրականացնենք ծառատունկ։ Միաժամանակ նույն միջոցներն առաջիկայում կձեռնարկենք՝ Ակունքի եւ Կարճաղբյուրի նախկին աղբավայրերը հողածածկելու եւ տարածքները բարեկարգելու ուղղությամբ։ Վարդենիսի գլխավոր աղբավայրի շուրջ կկառուցվի 750 մետր երկարության ցանկապատ՝ 3 մետր բարձրությամբ, որից 1,5 մետրը կլինի փակ, 1,5 մետրը՝ մետաղյա ճաղավանդակներով։

«Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում կառուցված Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործմամբ արդեն մեր համայնքում փակվելու են բոլոր գործող աղբավայրերը, իսկ նախկին աղբավայրերի հետքերը վերացնելու, շրջակա միջավայրի մաքրության ապահովումը լինելու են մեր առաջնահերթ անելիքները»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։