Alphabet-ը և Meta-ն կվճարեն 4.2 միլիոն դոլար...

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում դատարանը պարտավորեցրել է Alphabet-ին (տնօրինում է Google-ը և YouTube-ը) և Meta-ին (տնօրինում է Facebook-ը և Instagram-ը) վճարել ընդհանուր առմամբ 6 միլիոն դոլար՝ սոցիալական ցանցերից կախվածության հետևանքով պատճառված վնասի համար։

Դատարանի որոշմամբ՝ 20-ամյա օգտատիրուհուն կվճարվի 4.2 միլիոն դոլար փոխհատուցում՝ հոգեբանական վնասի դիմաց, իսկ ևս 1.8 միլիոն դոլար կգանձվի որպես տուգանք։

Գործը վերաբերում է այն պնդմանը, որ YouTube-ի և Instagram-ի դիզայնը նպաստում է կախվածության ձևավորմանը։ Դատարանը եկել է այն եզրակացության, որ ընկերությունները բավարար չափով չեն գնահատել ռիսկերը և չեն զգուշացրել օգտատերերին հնարավոր հետևանքների մասին։

Փորձագետների կարծիքով՝ այս որոշումը կարող է դառնալ կարևոր նախադեպ տեխնոլոգիական ոլորտի համար՝ ստիպելով վերանայել հարթակների նախագծման սկզբունքները, ինչպես նաև օգտատերերի անվտանգության քաղաքականությունները։

Ընկերությունները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը։ Meta-ի ներկայացուցիչները նշել են, որ հայցվորուհու հոգեբանական խնդիրները պայմանավորված են եղել այլ հանգամանքներով, ոչ թե սոցիալական ցանցերի ազդեցությամբ։

Հայտնի է նաև, որ գործով սկզբնական փուլում ներգրավված են եղել նաև TikTok-ը և Snapchat-ը, սակայն վերջիններս նախընտրել են հարցը լուծել արտադատական կարգով։