Ալիևը շնորհակալ է Փաշինյանին․ ինչու՞ է լռում...

Իլհամ Ալիեւը Հայաստանի եւ ոչ մի ղեկավարի, թերեւս այնքան պարտական չէ, որքան Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ հենց Նիկոլ Փաշինյանն է, ժողովրդի լեզվով ասած, Ալիեւի լեզուն երկարացրել այն աստիճան, որ Բաքվի բռնապետը որոշել է կասկածի տակ դնել Հայաստանը որպես նորմալ պետություն եւ այն անվանել է ավազակապետ երկիր, ինչպես ժամանակին սիրում էր ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Երբ Նիկոլ Փաշինյանը պատկերավոր ասած՝ փրփուրը բերանին խոսում էր նախկինների մասին, փորձելով ամեն կերպ սեւացնել մինչ իր իշխանության գալը եղած ամեն բան, մտածում էր արդյոք, թե այդպիսով ինչ ահռելի ծառայություն է մատուցում Իլհամ Ալիեւին՝ քարոզչական պատերազմում հսկայական զինանոց տրամադրելով նրան։

Երբ հայտարարում էր, թե Հայաստանը ձախողված պետություն է եղել մինչեւ իշխանափոխությունը, արդյոք հասկանում էր, որ այդ կերպ Հայաստանի Հանրապետությանն է պախարակում եւ ոչ թե ասենք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։

Այսօր արդեն, հենվելով հենց Փաշինյանի խոսքերի վրա, հենվելով հենց Փաշինյանի հրահանգմամբ եւ հայտնի սորոսական դեմքերի մոնտաժային կարողություններով ստեղծված «մասկի շոուների» վրա Ալիեւը քարոզչական հարթակում հարվածում է մեր երկրին, այն նույն Ալիեւը, ում Նիկոլ Փաշինյանն անվանում է կիրթ ու կառուցողական եւ ով չի խնայում նույնիսկ հենց Փաշինյանին, հայտարարելով, որ Փաշինյանը բռնապետություն է հաստատել։ Ու սա ասում է մարդ, ով բանտերը լցրել է քաղաքական այլախոհներով, ընդդիմադիրներով, լրագրողներով։

Իսկ ուր է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Լավ, ենթադրենք Քոչարյանի եւ Սարգսյանի համար «կռիվ տալը» արգելված է ԱԳՆ-ի համար, բա Փաշինյանի հասցեին «շռայլված մարգարիտները» ինչու՞ համարժեք պատասխանի կամ հակադարձման չեն արժանանում։

Համաձա՞յն է Փաշինյանը նաեւ իր հասցեին կիրթ ու կառուցողական Իլհամ Ալիեւի ասածների հետ, որ «մկան ծակին 1000 թուման տվածի» պես պապանձվել է ու ծպտուն չի հանում։ Ինչի՞ց է վախենում կամ ումից է վախենում, որ չի խոսում։ Կամ գուցե պարզապես ասելիք չունի եւ սկսել է հասկանալ, որ այս ամբողջ եփված ճաշի հեղինակը եւ միակ պատասխանատուն հենց ինքն է ու պատմության աղվեսադրոշմը հենց իր ոչ այնքան լուսապայծառ ճակատին է խարանվելու ոչ հեռու ապագայում։