Ալիևը բացեց Փաշինյանի սարսափելի գաղտնիքը

Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ փորձում են հանրությանը համոզել, որ TRIPP-ը բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի ինքնիշխանության ներքո և որևէ կապ չունի Ադրբեջանի՝ տարիներ շարունակ առաջ մղած «Զանգեզուրի միջանցք» գաղափարի հետ։ Սակայն որքան առաջ է գնում գործընթացը, այնքան այդ պնդման շուրջ կառուցված պատը փլուզվում է։ Եվ ամենաուշագրավն այն է, որ այդ պատը քանդում է ոչ թե Հայաստանի ընդդիմությունը, ոչ թե իշխանությանը քննադատող մամուլը, այլ անձամբ Իլհամ Ալիևը։

Դեռ նախկինում ակնհայտ էր մեկ կարևոր հակասություն․ եթե TRIPP-ը զուտ հայ-ամերիկյան նախագիծ է, ապա ինչո՞ւ են Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դրա իրականացումը պարբերաբար քննարկում Ադրբեջանի հետ, և ինչո՞ւ է Բաքուն իրեն ներկայացնում ոչ թե որպես նախագծից օգտվող երրորդ կողմ, այլ դրա իրականացման գործընթացի անմիջական մասնակից։ Ավելին՝ Ալիևն ավելի վաղ TRIPP-ը հրապարակայնորեն նույնացրել է իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ հայտարարելով. «Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP-ը»։

Բայց հիմա բացահայտումը շատ ավելի լուրջ է։ Ալիևը հայտարարում է, որ TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ անցկացնելու նախագիծ է նախապատրաստվում, և, ըստ նրա, ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել Հայաստանի վերաբերյալ՝ որոշելով այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարանները։ Եթե այս հայտարարությունը ճշգրիտ է փոխանցում կատարված աշխատանքների բնույթը, ապա առաջանում է չափազանց պարզ հարց՝ ինչպե՞ս են ադրբեջանցի մասնագետները հասել այնպիսի մանրամասնության, որ Հայաստանի տարածքում արդեն որոշում են ապագա ենթակառուցվածքի հնարավոր տեղակայման կետերը։

Սա այլևս պարզապես քաղաքական խորհրդակցություն չէ։ Սա առնվազն տեխնիկական պլանավորման մասին հայտարարություն է։

Եվ այստեղ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է պատասխանել ոչ թե հերթական ընդհանուր ձևակերպումներով, այլ կոնկրետ փաստերով։ Ո՞վ է ադրբեջանական կողմին տրամադրել Հայաստանի տարածքին վերաբերող անհրաժեշտ տեխնիկական տվյալները։ Ի՞նչ տվյալներ են փոխանցվել։ Ո՞ր պետական մարմինն է տեղյակ եղել այդ աշխատանքներից։ Եղե՞լ են արդյոք ադրբեջանցի մասնագետների և հայկական կառույցների շփումներ։ Եվ վերջապես՝ Հայաստանի տարածքում նախատեսվող ենթակառուցվածքի վերաբերյալ ինչպե՞ս է Բաքուն արդեն խոսում այս աստիճանի որոշակիությամբ։

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում դեռ ավելի վաղ հրապարակված նյութում TRIPP-ը ներկայացվել էր ոչ միայն որպես տրանսպորտային երթուղի։ Բաքուն պաշտոնապես խոսում էր նաև ապագայում այդ ճանապարհով էլեկտրաէներգիայի արտահանման և օպտիկամանրաթելային կապի անցկացման հնարավորության մասին։ Իսկ ամիսներ անց Ալիևն արդեն հայտարարում էր, որ Ադրբեջանն աշխատում է նոր էլեկտրահաղորդման գծերի վրա, այդ թվում՝ TRIPP-ի միջոցով։ Այսինքն՝ խոսքը մեկ պատահական արտահայտության մասին չէ։ Բաքվի հրապարակային խոսույթում TRIPP-ը վաղուց ավելի լայն ենթակառուցվածքային ծրագիր է։

Սակայն ամենավտանգավոր հատվածը գուցե նույնիսկ էլեկտրահաղորդման գիծը չէ։ Ալիևը թեման կապում է Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման հետ և հայտարարում, որ այդ դեպքում Հայաստանը կարող է էներգետիկ խնդիրների բախվել, իսկ լրացուցիչ էներգիայի աղբյուրը օգտակար կլինի Հայաստանին։ Այստեղ արդեն խոսքը միայն ճանապարհի մասին չէ։ Բաքուն Հայաստանի ապագա էներգետիկ համակարգում իրեն տեսնում է որպես հնարավոր մատակարար և TRIPP-ը դիտարկում է նաև որպես այդ ազդեցությունն ապահովող ենթակառուցվածք։

Սա սկզբունքային հարց է։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը պետական ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչներից է։ Եթե վաղը հայկական ատոմային էներգետիկայի կրճատմանը զուգահեռ մեծանում է Ադրբեջանի տարածքից կամ ադրբեջանական համակարգից եկող էլեկտրաէներգիայի նշանակությունը, ապա տնտեսական փոխկապակցվածությունը կարող է վերածվել նաև քաղաքական լծակի։ Հետևաբար իշխանությունը պարտավոր է բացատրել՝ արդյո՞ք նման սցենար քննարկվում է, և եթե այո՝ ինչ երաշխիքներ կան Հայաստանի էներգետիկ անկախության պահպանման համար։

Այս պատմության մեջ ամենակարևոր հարցը նույնիսկ այն չէ՝ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք, երկաթուղի, էլեկտրահաղորդման գիծ, թե դրանց ամբողջությունը։ Կարևորն այն է, թե ովքեր են մասնակցում Հայաստանի տարածքում ստեղծվելիք համակարգի նախագծմանը, ով ինչ տեղեկատվության է տիրապետում և ով ինչ իրավունքներ է ունենալու դրա նկատմամբ։

Եթե ադրբեջանցի մասնագետներն իսկապես արդեն ուսումնասիրել են Հայաստանի տարածքը և նույնիսկ հաշվարկել էլեկտրահաղորդման հենարանների հնարավոր տեղակայման վայրերը, ապա Հայաստանի կառավարությունը պետք է հրապարակի ամբողջ գործընթացի մանրամասները։ Հակառակ դեպքում ստացվում է անհեթեթ իրավիճակ․ Հայաստանի քաղաքացիները սեփական երկրի տարածքում նախատեսվող ռազմավարական ենթակառուցվածքի մասին մանրամասներն իմանում են Ադրբեջանի նախագահից։

Եվ հենց սա է Ալիևի հայտարարության ամենածանր քաղաքական հետևանքը։

Տարիներ շարունակ Երևանից ասում էին՝ մի անհանգստացեք, սա «Զանգեզուրի միջանցքը» չէ, սա TRIPP է։ Իսկ Բաքվից Ալիևը շարունակում է բացատրել՝ ինչ է անցնելու այդ ճանապարհով, ինչպես է այն կապելու Ադրբեջանը Նախիջևանին, ինչ էներգետիկ ենթակառուցվածքներ կարող են կառուցվել և հիմա արդեն, ըստ նրա, որտեղ կարող են կանգնել դրանց հենարանները։

Ու այդ ամենից հետո հարցն այլևս «միջանցք է, թե ճանապարհ» չէ։

Հարցն այն է՝ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է թաքցրել Հայաստանի հասարակությունից TRIPP-ի իրական բովանդակության և Ադրբեջանի մասնակցության չափի մասին։