Ալիեւն օգտագործում է Պուտինի տերմինաբանությու...

Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական գործընկերությունը գլխավորն է Հարավային Կովկասում նրա արտաքին քաղաքականության համար։ Սակայն Ադրբեջանն, ըստ երեւույթին, նախատեսում է ավելի շատ ագրեսիա Հայաստանի դեմ, ինչը չի համապատասխանում Իրայելի շահերին։ Մենք Իսրայելին կոչ ենք անում հետ պահել դաշնակցին ահավոր սխալ կատարելուց, գրել է Jerusalem post-ը։ Բաքվի ռեժիմը նավթ է վաճառում Իսրայելին, գնում իսրայելական զենք եւ առաջարկում է բազա Իրանին վերահսկելու եւ հակազդելու համար: Դա մեծ բան չէ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը ներկայում աշխարհի ամենաբռնատիրական ռեժիմներից մեկն է, բայց դա գուցե հասկանալի realpolitik-ի դեպք է: Ադրբեջանի համար այս դաշինքն անգնահատելի է եղել Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի հետ հակամարտության ժամանակ, որտեղ իբր իսրայելական զենք է օգտագործվել այն գործողություններում, որոնք հանգեցրել են Ադրբեջանի վճռական հաղթանակին եւ 2023թ. սեպտեմբերին 120 000 հայերի էթնիկ զտմանը: Վերջերս Ադրբեջանը ցույց տվեց, որ իր հավակնությունները տարածվում են նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի զավթումը Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում։Այս միջանցքի վերահսկումը ցամաքային կամուրջ կստեղծի դեպի Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, որն իր հերթին կուժեղացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները, որոնք, Ռուսաստանին ուղղված նրա նախաձեռնությունների հետ մեկտեղ, հակասում են այդ երկրի ՆԱՏՕ-ում ունեցած պարտավորություններին:Հարձակման պլանների վտանգի մասին Եվրոպայում շաբաթներ շարունակ նշվել է անվտանգության եւ քաղաքական փորձագետների կողմից, եւ այս ամսվա սկզբին Ալիեւի հետ հարցազրույցում կարեւոր ազդանշան է արվել:Օգտագործելով տերմինաբանությունը, որը հիշեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տերմինաբանությունն Ուկրաինայի վրա հարձակումից առաջ՝ Ալիեւը Հայաստանին մեղադրել է 30 տարի շարունակ «ֆաշիստական ​​գաղափարախոսություն» ունենալու եւ «տարածաշրջանի համար սպառնալիք» լինելու մեջ։ Ալիեւը պնդում էր, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի... Այն պետք է ոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության, կամ մեր կողմից։ Մենք այլ ելք չունենք»:Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կլինի ագրեսիա, որին Իսրայելը չպետք է օգնի կամ աջակցի:Սա չի նշանակում, որ Իսրայելը հրաժարվում է Ադրբեջանի հետ դաշինքից, այլ ավելի շուտ խորհուրդ կլիներ՝ խուսափելու չափից շատ միջամտությունից, որը կարող է վատ հետեւանքներ ունենալ։ Հայաստանի դեմ նման քայլը պարզապես Ալիեւի տարածքային կոնսոլիդացիայի շարունակություն չի լինի։ Սա կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը, սաղմնավորվող ժողովրդավարությունը եւ հիմնովին կփոխի տարածաշրջանային հավասարակշռությունն այնպես, որ ուղղակիորեն ձեռնտու կլինի Թուրքիային:Թուրքիան կապելով Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի հետ՝ այս միջանցքը կընդլայնի Թուրքիայի ազդեցությունը ողջ տարածաշրջանում։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիան կարող է հսկայական ազդեցություն ունենալ Սիրիայի նոր ռեժիմի վրա, թուրքական այս գոտին կտարածվի Կենտրոնական Ասիայից մինչեւ Գոլանի սահման։ Էրդողանի օրոք Թուրքիան ավելի ու ավելի շատ է հանդես գալիս որպես ՆԱՏՕ չվեևահսկվող անդամ՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ կայունության քողի ներքո հետապնդելով էքսպանսիոնիստական ​​նկրտումներ: Էրդողանի աջակցությունը Սիրիայում իսլամիստ աշխարհազորայիններին ուժեղացրել է Թուրքիայի ազդեցությունն այնտեղ, հատկապես հյուսիս-արեւմուտքում: Վստահված անձանց օգնությամբ Անկարան տեղահանել է քուրդ բնակչությանը, խարխլել քրդական ինքնավարությունը եւ ուժեղացրել ծայրահեղական խմբավորումները՝ խուսափելով ուղղակի ռազմական առճակատումից: Էրդողանի նեոօսմանյան տեսլականը չի սահմանափակվում միայն Սիրիայով. 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Թուրքիան ուղարկեց սիրիացի վարձկանների՝ կռվելու ադրբեջանական ուժերի կողքին, մարտավարություն, որը ցույց է տալիս, որ Անկարան օգտագործում է իսլամիստ զինյալներին որպես արտաքին քաղաքականության գործիք:Եվ այս արտաքին քաղաքականությունը ակնհայտորեն թշնամական է Իսրայելի նկատմամբ։ Էրդողանի ակտիվ աջակցությունը ՀԱՄԱՍ-ին եւ նրա երկիմաստ սպառնալիքներն Իսրայելին, նա ակնարկել է ներխուժման հավանականության մասին, ընդգծում են Անկարայի հետագա ուժեղացման վտանգները: