Ալիևին և Էրդողանին բանավոր հրավիրել ենք մասնա...

Ալիևին և Էրդողանին բանավոր ամենաբարձր մակարդակով հրավիրել ենք մասնակցելու: Այս ամեն ինչը շատ թարմ է, և դետալներ չեն քննարկվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ քննարկում Բաքվի, Անկարայի հետ հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցության առումով, և ինչ մակարդակով է դա լինելու:

«Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն, մեր սերունդը մեծացել է մի նարատիվի պայմաններում, որտեղ այդ մարդիկ ընկալվել են թշնամի. խաղաղություն հաստատվում է թշնամանք ունեցողների միջև: Մենք արդեն նշանակալի քայլեր ենք արել այդ ուղղությամբ: Մենք հիմա՝ երկու երկրների ղեկավարները, միանշանակ ասում ենք՝ խաղաղություն է հաստատված: Մենք խաղաղություն ունենք, և նպատակը ֆիքսված է՝ բարիդրացիական քայլեր անել:

Մի օր, ոչ թե ասում եմ որ հենց այսօր, մենք պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում, և հակառակը՝ վարչապետ Փաշինյանին՝ Բաքվում, այլ ասում եմ՝ մի օր այս իրավիճակը լինելու է: Ինչ կարող ենք այսօր ասել, այն է, որ պետք է գնանք այս ճանապարհով»,- նշեց Միրզոյանը: