Ալիևի ստորագրելուց հետո Կանոնակարգը մտնելու է...

Այս պահին սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մեր կողմից շուտ վավերացնելը ձեռնտու էր Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահական նստավայրի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար»-ի առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:

«Ալիևը ևս ստորագրել է այդ կանոնակարգը, այն արդեն գնալու է Ադրբեջանի խորհրդարան մտնի: Այդտեղ նրանք կարող են էլի վերապահումներ անել ու էլի ուրիշ պահանջներ ներկայացնել»,- ասաց Դանիելյանը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի կողմից կան տեսանելի և անտեսանելի պահանջներ, Ադրբեջանն ունի պլան մինիմում և պլան մաքսիմում:

Հարցին, թե որքանով է հավանական այս բանակցությունների արդյունքում գերիների վերադարձը, պատգամավորը պատասխանեց, որ գերիների մասին այս իշխանությունները մոռացել են. «Սուտ են ասում, չեն բանակցում: Իրենց ձեռնտու չէ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գա Հայաստան, քանի որ վտանգներ են տեսնում, որովհետև շատ բան կարող են ասել Նիկոլ Փաշինյանի մասին և այստեղ իրավիճակ փոխվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: