Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմի քարոզչությունն ապարդյուն փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման չկայանալու վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությանը։
«Հայկական կողմն առաջարկել է և պատրաստ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում»,-ավելացրել է Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում։
«Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի վարչապետի կողմից հանդիպումից հրաժարումը համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից», - ասել էր Հաջիևը։