ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ թիրախավորել է Ամենայն հայոց կաթողիսկոս Գարեգին 2-ին։ Խոսելով այն մասին, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, Վահագն Ալեքսանյանն ասաց.
«Ակնհայտ է, որ կարգալույծ կաթողիկոսը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր ուղղակի իր թրի տակով չեն անցնում, համաձայն չեն այն ողջ պղծության ծավալին, որն արտադրում է ինքը ու իր շրջապատը»։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Հովհաննավանքում «պատարագի» գնացած քաղաքացիներից որոշները թիրախավորում էին լրագրողներին, հայհոյանքներ հնչեցնում և կարելի է ասել՝ քրիստոնեական արժեքների մասին պատկերացում չունեին և չգիտեին, թե որտեղ են գտնդում, Վահագն Ալեքսանյանն ասաց.
«Ես չգիտեմ՝ դուք կոնկրետ ում մասին եք խոսում, բայց կարծում եմ, որ ընդհանրացնել պետք չէ։ Մի տեղ, որտեղ կան հազարավոր քաղաքացիներ, կան տարբեր տեսակի մարդիկ։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր հունից դուրս են եկել»։
Արձագանքելով լրագրողնի դիտարկմանն այն մասին, որ Փաշինյանի ծրագրերը, ըստ էության, չեն հաջողում՝ հաշվի առնելով այն, որ նա հայտարարել էր սեպտեմբերի վերջին Մայր Աթոռում սպասվող հոգևոր մեծ հավաքի մասին, Վահագն Ալեքսանյանը ասաց.
«Ժամկետները կարող են փոխվել, բայց կարգալույծ հռչակված կաթողիկոսն արդեն մի ոտքով դուրս է Մայր Աթոռից։ Ուղղակի նայեք, թե քանի մարդ է մասնակցել նրա գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Ակնհայտ է, որ արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանի ամենամարդաշատ պատարագը տեղի է ունենում Հովհաննավանքում»։
Վահագն Ալեքսանյանը սակայն չանդրադարձավ այն հանգամանքին, որ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցված պատարագին մասնակցում էին նաև տարբեր քաղաքների քաղաքապետներն ու նրանց հետ եկած անձինք, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ քաղաքացիական հագուստով։



