Ալեն Սիմոնյանը թերահավատորեն է մոտենում հայտա...

ՀՀ ազգային ժողովի նախագահը վստահ չէ, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայելու համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարց առաջ քաշվի, անդամ երկրներից մեկը վետո չի դնի որոշման վրա:

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած մտքին, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է 1-2 օրում առաքելություն ուղարկել Հայաստան, եթե Հայաստանը շահագրգռված լինի:

«Ես վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա, որովհետև ինչպես նույն հարցազրույցում նշվեց՝ այդ կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը:  Եվ ես վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի: Բայց մանրամասներին ես տեղյակ չեմ, որովհետև մեզ չեն ասել»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց՝ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը եթերով իր կարծիքն է ասել Ադրբեջանի, Իլհամ Ալիևի հետ կապված: «Ես չգիտեմ, թե հիմա ինչ է փոխվել: Այն, ինչ մենք ուզում էինք, պահանջում էինք, ընդամենը քաղաքական հստակ գնահատականն էր: Իրենք նույնիսկ քաղաքական հստակ գնահատականից հետ կանգնեցին: Ես շատ թերահավատորեն եմ մոտենում»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշեց՝ չի խոսվում «Խովաևի փաստաթղթի» մասին: Նա ընդգծեց, որ ՌԴ-ն՝ ի դեմս ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի, ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տարբերակ, որին ՀՀ-ն իր համաձայնությունն է տվել: «Բայց հետագայում, թե ինչո՞ւ մեր դաշնակից գործընկերները հետամուտ չեղան հենց այդ տարբերակին և հիմա նեղսրտում են դրան հաջորդած Պրահայի համաձայնությունից, կարծում եմ՝ պետք է այդ հարցադրումներն արվեն ու դրա մասին խոսվի»,-եզրափակեց Սիմոնյանը: