Օգոստոսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ: Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունները եւ շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:
Գիորգի Սագանելիձեն ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, եւ Վրաստանը կարեւորում է մեր երկրի հետ փոխշահավետ համագործակցությունը: Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:
Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարեւորեց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը:
Դեսպանը եւս կարեւորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը: