Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա»: Այս մասին, այսիր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդհանրապես չկա։
Մամիջանյանը նշեց, որ ցանկանում է հիշեցնել, թե որն է Հայաստանի ամենազդեցիկ կուսակցություններից մեկը, որին փորձում է կրկնօրինակել ՔՊ-ն՝ ստեղծելով կուսակցական դպրոցներ. «Եվ ամենակարեւորը՝ ո՞ւմ հնչեցրած բովանդակային կարծիքներից իրենց թիմը պարզապես սարսռում է: Այնպես որ, որ ես ներողամտորեն կմոտենամ իրենց մեկնաբանություններին»,-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով հարցին թե որ քաղաքական ուժի պատասխանատվության ներքո է խմբակցությունը՝ Մամիջանյանն ասաց. «Պարոն Վանեցյանի՝ մանդատը դնելուց և «Հայրենիք» կուսակցության հայտարարությունից հետո «Պատվի ունեմ» խմբակցության համար պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ն»։
Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ փուլում չի մասնակցել հակասահմանադրական գործընթացին, անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը հայտարարությանը, թե ընդդիմությունը դպրոցի դասարանի մակարդակի վրա է գտնվում, երբ հայտարարում է թե չի մասնակցում սահմանազատման աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգի քննարկմանը։
«Պարոն Կոնջորյանի որակումները ցույց են տալիս նրա մանկական, պատանեկան տրավմաները։ Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլը դեռ չեն վերաճել, գուցե մենք այս դեպքի հետ գործ ունենք»,-ասաց Մամիջանյանը՝ վստահություն հայտնելով, որ կանոնակարգը հիմք է հետագա զիջումները լեգիտիմացնելու համար՝ հղում անելով ՍԴ այս որոշմանը և ԱԺ քվեարկությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան մաս չի դառնալու»։