Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ իր եղբոր կնոջն առնչվող գործում սխալմունք կա, նա մեղավոր չէ, միևնույն ժամանակ Սիմոնյանը վստահեցնում է, որ, եթե Հայաստանում մարդ մեղավոր է, անկախ նրանից թե ով է, պետք է կրի պատիժ:
Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ իմ բարեկամի վերաբերյալ գործի այդ մասում սխալմունք է տեղի ունեցել: Սակայն դա չի նշանակում, թե պետությունը պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի: Դա անհնար է, անթույլատրելի է»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությանը՝ նա շեշտեց, որ միջնորդությունը ներկայացվել է 3 հոգու խափանման ընտրման միջոցի վերաբերյալ: ««Քաղաքացիական պայմանագիր»-ը չի խառնվել՝ գործն արդար է, արդար չէ, ճիշտ է, ճիշտ չէ, ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Ես պնդում եմ, կարծում եմ, որ անընդունելի է, որ ՀՀ-ում դատարանը որոշում է կայացնում որևէ մանկահասակ երեխայի մոր խափանման միջոց ընտրել կալանք՝ այն պարագայում, երբ կան տարբեր միջոցներ»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահն իմացել է, որ նման ևս մեկ դեպք է եղել, երբ կալանավորված է եղել մանկահասակ երեխայի մայրը: Ուստի նա ներողություն խնդրեց, որ չի իմացել դրա մասին:
Անդրադառնալով հարցին՝ եթե պարզվի, որ իր եղբոր կինն, այնուամենայնիվ, մեղավոր է, ի՞նչ կլինի՝ Սիմոնյանն ասաց. «Եթե մարդիկ ՀՀ-ում մեղավոր են, անկախ նրանից, թե ով են, պետք է կրեն համապատասխան պատիժ: Բայց ես հավատում եմ, որ նման բան անհնար է: Երբ ծանոթացել եմ նրան, ինչ մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է»:
Անդրադառնալով իր ու վարչապետի հարաբերությունների վերաբերյալ խոսակցություններին՝ Սիմոնյանը վստահեցրեց, որ իր և վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ, նաև ընկերական հիմքի վրա են:



