Ալեն Սիմոնյանը դեռ երես ունի հասարակության եւ...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը անպայման ինչ որ կերպ այդ հարցազրույցին հնչած թեմաներին եւ թեզերին կարձագանքի։ Սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, նա արձագանքեց ոչ իր դեմքով, ոչ ուղղակի։ Դա հասկանալի է, Փաշինյանը երբեք էլ աչքի չի ընկել տղամարդուն հատուկ այնպիսի որակներով, ինչպիսիք են՝ պատասխանատվությունը, ուղղախոսությունը, շիտակությունը։ Կյանքի մի ստվար մասը «օդում կախված լուրերի» հովանու տակ թաքնվելուց հետո հիմա էլ նա արձագանքում է կամ իր թիմակիցների թիկունքի հետեւում թաքնված, կամ խոսնակի բերանով։

Ամեն դեպքում հերթական արձագանքը, որն արվեց Ալեն Սիմոնյանի բերանով, նույն շարքից է, ժանրի կանոններին համահունչ։ Հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանը /ի դեմս նրա՝ իշխանությունը եւ անձամբ Փաշինյանը/ դեռ երես ունի հասարակության եւ ժողովրդի անուն տալու եւ դեռ երես ունի նաեւ անկեղծությունից խոսելու։ Երբ Ալեն Սիմոնյանը /այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը/ հայտարարում է, որ «Իշխանություններին միակ մտահոգող բանը ՀՀ քաղաքացու հետ երկխոսությունն է: Մենք ասելիք ունենք ու շատ բան պարտք ենք: Ժողովրդի անկեղծության ու իմաստնության վրա ես զարմացած եմ»,- ապա անհնարին է չարձագանքել, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը գիշերվա կեսին, գաղտագողի բորենու պես ստորագրվեց էլի ժողովրդի հետ երկխոսության արդյունքում, կամ Շուշին հանձնվեց ժողովրդի հետ երկխոսությամբ կայացված որոշման հիման վրա, թե ժողովուրդն ու հասարակությունը որպես եզրույթներ միայն «վահան» են, ըստ հարմարության դրանց հետեւում թաքնվելու համար։

Այո, ժողովուրդն անկեղծ է եւ իմաստուն եւ այդ անկեղծությամբ իր ատելություն է հայտնում իշխանությանն ամենուր եւ իմաստնությամբ համբերում է, որպեսզի ինքնադատաստան չտեսնի մի իշխանության հետ, որը իր լիդերով հանդերձ պարտության սիմվոլ է դարձել եւ ստանձնել դավաճանի խարանը ընդմիշտ։ Երբ Ալեն Սիմոնյանը ասում է․ «Առնվազն 10-20 տարի պետք է չերևան, որ մարդիկ մոռանան, թե իրենք ՀՀ առաջ ինչերի մեջ են մեղավոր, ինչեր են արել»: Կարելի է փաստել, որ առնվազն քսան տարի պետք է չերեւան հասարակության աչքին հենց նիկոլականները, որովհետեւ Հայաստանին բերել են պարտություն, որովհետեւ հայկական երկրորդ պետականության բեկորներն է մնացել, որովհետեւ Հայաստանը դարձել է բանանային հանրապետության նմանվող պրոտեկտորատ, որովհետեւ դեռ երբեք Հայաստանի ղեկավարի կինը պատերազմի ժամանակ հրամանատարական կետում Արցախի ԱԽ քարտուղարին չէր մխիթարում կամ քաջալերում Հայաստանի ղեկավարի ցուցումով։ Եվ վերջապես, 5-7 հազար զոհի արյունն արդեն մարսել են, որ սկսել են ցինիկանալ։