Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երի...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի՝ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթուղթ, ըստ որի՝ Ազգային ժողովը «Նաիրիան» ՓԲԸ-ից երկկողմանի հաստատված փաստաթղթերով գնել է՝ 3. հակատարիքային քսուք աչքի համար 4. տոնավորող հեղուկ մաշկի բոլոր տեսակների համար 5. տուփ՝ սպիտակ ծաղիկներով:

Այս գնումների համար Ազգային ժողովը պետբյուջեի միջոցներից վճարել է 66.750 ՀՀ դրամ: Գումարը, անշուշտ, մեծ չէ, բայց անհասկանալի է, թե Ազգային ժողովի որ կարիքի համար է ձեռք բերվել հակատարիքային ձգող քսուք, ով է այն օգտագործում, կամ ում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակատարիքային քսուքը նվիրել: Սա արդեն անգամ զավեշտալի չէ: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ այդ գնումն իրականացվել է եւ որպես նվեր փոխանցվել է պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, նշելով, որ դիվանագիտական էթիկայից ելնելով՝ չի կարող ասել, թե կոնկրետ որ պաշտոնատար անձին է այն նվիրվել:

«Ձեր կողմից հիշատակված գնումը, այո, իրականացվել է։ Եվ, ինչպես ընդունված է դիվանագիտական արարողակարգում, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ փոխանակվում են նվերներով, ու այստեղ որեւէ արտառոց բան չկա։ Հակառակը՝ պետք է ուշադրություն դարձնենք, որ այն հայկական արտադրության է, ու այս ճանապարհով նաեւ նպաստում ենք հայկական արտադրության բրենդների ճանաչելիության բարձրացմանը։ Տարբեր առիթներով նմանատիպ հայկական արտադրության տարբեր նվերներ ենք տալիս: Օրինակ՝ հայկական չրեր, խմիչքներ, շարֆեր. սա էլ դրանցից հերթականն է ու արտառոց ոչինչ չկա», – նշել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։

Ալեն Սիմոնյանը պետականը սեփական միջոցների հետ է խառնել եւ չի տալիս հաշվետվություն, թե ինչ է արել հակատարիքային քսուքները եւ ինչու է դրանք գնել պետբյուջեի միջոցներից, սակայն նա եռանդով քննադատում է նախկին կոռումպացված համակարգը՝ չխուսափելով անձամբ դառնալ կասկածելի գնումների եւ կոռուպցիոն գործարքների օբյեկտ. ասվածի վկայությունը հրապարակված փաստաթղթերն են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: