Անմեղության կանխավարկածի հարց կա, ես որևէ գնահատական իրավական համակարգի աշխատանքին տալ չեմ կարող, լրագրողների հետ զրուցում անդրադառնալով օրերս էկոնոմիկայի նախարարության հետ կապ ունեցող կալանավորումներին՝ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:
Նա նաև ավելացրեց, որ երկար ժամանակ է, ինչ ճանաչում է Ալեն Սիմոնյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանք իրեն շատ հարազատ մարդիկ են:
«Ես չեմ պատկերացնում, որ այդ մարդիկ կարող էին նման իրավիճակում հայտնվել: Երբ մենք եկանք իշխանության, ասում էինք՝ օրենքի առաջ հավասար են բոլորը: Ոչ մի բան չի փոխվել: Եթե ես էլ ինչ-որ խախտում անեմ․ օրենքի առաջ հավասար ենք բոլորս»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե պատգամավորները ցանկանում են ստորագրություն հավաքել և երաշխավորագիր ներկայացնել, որպեսզի կալանավորված անձանց ազատ արձակեն՝ Պալյանը պատասխանեց. «Ես՝ որպես կին պատգամավոր, նման ցանկություն ունեմ, բայց դեռ ֆրակցիայի որոշում չկա: Ալեն Սիմոնյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են: 2016 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ և կարող եմ վստահ ասել, որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որ թե՛ սիրված, թե՛ հարգված է մեր կուսակցության ներսում: Պարոն Սիմոնյանը կատարում և կատարելու է իր պարտականությունները, և ես այն անձանցից եմ, ով լինելու է միշտ նրա կողքին»։



