Ալբերտայի իշխանությունները կոչ են արել հաստատ...

Կանադայի Ալբերտայի նահանգի վարչապետ Դանիել Սմիթը և արդարադատության նախարար Միքի Էմերին ընտրական հանձնաժողովից պահանջել են վերացնել Կանադայից անջատման վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման խոչընդոտները: Այս մասին հաղորդում է The Globe and Mail պարբերականը՝ վկայակոչելով քաղաքական գործիչների հայտարարությունները:

Երկու պաշտոնյաները սոցցանցերում հայտարարել են, որ ալբերտացիները պետք է կարողանան ստորագրություններ հավաքել այդ հարցի շուրջ՝ «առանց անհարկի բյուրոկրատական քաշքշուքների»։

«Մենք կոչ ենք անում Ալբերտայի ընտրական հանձնաժողովին հետ վերցնել դատարան ուղղված իր դիմումը և ալբերտացիներին տրամադրել քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցելու ժողովրդավարական իրավունքը», - ասել է նահանգի արդարադատության նախարարը:

Իր հերթին, Ալբերտայի վարչապետը հայտարարել է, որ «հավատում է Ալբերտայի ինքնիշխանությանը՝ որպես միասնական Կանադայի մաս», բայց նաև նշել է հանրաքվեին նախապատրաստվելու խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը:

Հանրաքվեն նախաձեռնել է «Ալբերտայի բարգավաճման նախագիծ» հասարակական կազմակերպությունը, որը հուլիսի սկզբին Ընտրական հանձնաժողով է ներկայացրել քվեարկություն անցկացնելու դիմում: Դիմումը ստանալուց հետո հանձնաժողովն այն ուղարկել է դատարան՝ Կանադայի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար: Եթե նախաձեռնությունը հաստատվի ընտրական հանձնաժողովի կողմից, ապա հանրաքվեի կողմնակիցները չորս ամսում պետք է հավաքեն 177 000 ստորագրություն, որից հետո Ալբերտայի նահանգի անջատման հարցը կդրվի քվեարկության։