Ես ակնկալում եմ, որ Հայաստանի իշխանությունները ԱՄՆ փոխնախագահ Վենսին կխնդրեն ճնշում անցնել Ադրբեջանի կառավարության վրա՝ ազատ արձակելու Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հիմա պիտի ասեք՝ էդ ինչից ենթադրեցի, որ այդպիսի բան կանեն։ Իհարկե չեն անի, բայց ընդդիմությունը և հասարակությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ այդ հարցերը փոխնախագահ Վենսը քննարկի Ադրբեջանում։
Մյուս խնդիրը Հայաստանի ապաշրջափակման հարցն է։ Թրիփը որևէ կերպ չի կարգավորում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Օգոստոսի 8-ի փաստաթղթում գրված «փոխադարձ առավելությունը» ամեն ինչ է Ադրբեջանից Հայաստան մտնող և դուրս եկող ճանապարհների ապաշրջափակումից բացի, որովհետև որպեսզի Հայաստանը ապաշրջափակվի, առնվազն պետք է գործի Երասխ–Նախիջևանի սահման երկաթուղին և ավտոճանապարհը, նաև Իջևանից դեպի Ղազախ գնացող ճանապարհը։ Դրանից բացի, եթե Թրիփով անցնելու են էներգետիկ ենթակառուցվածքներ, ապա նման հնարավորություն փոխադարձության սկզբունքի հիման վրա պետք է ստանա նաև Հայաստանը։ Բայց ակներևաբար Հայաստանի իշխանությունները կվախենան Ադրբեջանին նման պահանջներ ներկայացնել։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում պետք է լինի, դա հենց միջանցքի էությունն է։ Ադրբեջանին տալիս են միջանցք, փոխարենը Ադրբեջանը թույլ է տալիս իր տարածքով երրորդ երկրների արտադրանք ներմուծել, ներմուծել, այլ ոչ թե արտահանել։ Իսկ մենք ասում ենք դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով, ինչ դու ես տալիս, պետք է նույնն էլ Ադրբեջանը տա։ Այսինքն հայկական գնացքները պետք է կարողանան Իջևանից մտնեն Ադրբեջան անխոչընդոտ, նույն կարգավորումներով դուրս գան երրորդ երկրների երկաթգծային ցանցեր»,–ասաց նա։



