Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում մարտի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ:
Ինչպես հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, Արմեն Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ:
Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները: Վերոնշյալի համատեքստում նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:



