Աջափնյակի դեպքը պետք է պատշաճ գնահատական ստան...

Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած հրաձգության միջադեպը պետք է պատշաճ գնահատական ստանա։ Այս մասին փետրվարի 19-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Նրա խոսքով՝ այն, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում երկրում, այն էլ բոլորի աչքի առաջ՝ բնականոն չէ: «Տավոք տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ: Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես հրապարակային եմ անդրադառնում։ Տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա կրակոցների միջադեպը նաև մարդկանց կրթության և մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի արդյունք է և կարծում եմ, որ այդ առումով կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեկարգվի, բայց նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն», - ասել է Մանասյանը՝ հավելելով, որ իրենց կառույցը չի կարող կանխարգելիչ գործունեություն ծավալել

Նա նաև անբավարար է համարել պատասխանատու կառույցների և մարմինների աշխատանքը։ «Այն կոնտենտը, որ տարածում ենք, այդ թվում հրապարակային եղանակով՝ տարբեր հարաբերությունների, հարցերի հետ կապված, այն լեզուն, որը ամեն օր կիրառում ենք, ինքը միանշանակ նպաստում է նաև նման երևույթների ավելի զարգացմանը։ Այն, որ դրա հետ կապված պայքար պետք է մղել ընդ, որում ոչ միայն իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակներում, այլ յուրաքանչյուրս նաև մեր դերակատարությունը ու գործառույթը նկատի ունենալով՝ միանշանակ է», - ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրաձգությամբ ուղեկցված «հաշվեհարդար» է տեղի ունեցել: Դրա հետևանքով յոթ մարդ ստացել է վնասվածքներ: Նրանցից մեկը փոքր ինչ ուշ մահացել է բժշկական կենտրոնում: