ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, հանդիպման նպատակը ՀՀ տարածքի 1:500000 մասշտաբի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային քարտեզի տրամադրումն էր:
Քարտեզը կազմվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության նախաձեռնությամբ՝ 2016-2018թ-ին ՀԲ դրամաշնորհով: Քարտեզը կազմել են միջազգային մրցույթում հաղթած կոնսորսյումը, որն իր մեջ ներառում է 3 հայկական, իտալական և ամերիկյան գիտական կազմակերպություններ:
Քարտեզին կից կազմվել է ՀՀ տարածքի 200 հազարից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ցանկը՝ հավաստանշելով յուրաքանչյուրի սեյսմիկ վտանգի աստիճանը: Քարտեզը բաժանված է սեյսմիկ վտանգի 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրում կանխատեսված է երկրաշարժի հնարավոր առավելագույն ուժգնության աստիճանը:
Կազման ժամանակ որպես ուսումնասիրության նյութ օգտագործվել են Հայաստանի և նրա հարակից 150կմ շառավղով տարածքների տվյալներ: Քարտեզին կից բազմահատոր հաշվետվություններում ընդգրկված նյութերը ներառում են նորագույն տեղեկություններ՝ տեղի ունեցած երկրաշարժերի և ակտիվ խզվածքների մասին վերլուծություններ, որոնք կօգնեն գնահատել ՀՀ սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ նոր քարտեզը անպայման կներառվի կոմիտեի լրամշակվող քաղաքաշինական նորմերում և կբարձրացնի կառուցվող շենք շինությունների սեյմակայունությունը և կնվազեցնի սեյմսիկ խոցելիությունը:
Հանդիպման ավարտին՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն ավելի ապահով և բարձր սեյսմակայունություն ունեցող շենքերում:



