Այսօր՝ օգոստոսի 30-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության ժամանակ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է համակարգի կողմից կատարված աշխատանքները. անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետեւանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով օգոստոսի 6-ից ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հրդեհները կանխելու նպատակով ՓԾ ստորաբաժանումների կողմից բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ։ ԱԻՆ-ը համագործակցում է մարզպետարանների եւ համայնքապետարանների հետ՝ ոռոգման համակարգերի խնդրի կարգավորման, դեպի բուսածածկ եւ անտառածածկ տարածքներ տանող ճանապարհների անցանելիության ապահովման ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է նաեւ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով արտապլանային վարժանքներին, որոնք իրականացվել են հանրապետության 21 համայնքներում: Օգոստոսին անցկացվել են 3 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ 1 համակայանային հակավթարային եւ հակահրդեհային վարժանք, ինչպես նաեւ տարբեր թեմաներով 3 դասընթաց։ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային ուսումնավարժություն, 1 ցուցադրական եւ 12 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել նաեւ ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը, Թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, մարզային փրկարարական վարչությունների պետերը:
ԱԻ նախարարը հանձնարարել է շարունակել ուժեղացված ծառայությունը, որպեսզի հնարավոր հրդեհների դեպքում արագ արձագանքումը չուշանա՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Նախարարը նաեւ մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին հորդորել է վարժանքներն անցկացնել իրականին մոտ սցենարներով, պարբերաբար փոխել խնդիրները, ստուգել անձնակազմի պատրաստվածությունը:
Հավելենք նաեւ, որ սեպտեմբերի 3-ին Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացնելու, ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Նախարար Անդրանիկ Փիլոյանը գլխավոր փորձից հետո առանձնացրել եւ հանձնարարել է շտկել վարժանքի որոշակի դետալներ:



