
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն Իսրայելի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել կազմակերպության աշխատակցին, որը Գազայի հատվածում ԱՀԿ-ի շենքում ձերբակալվել է մի քանի այլ աշխատակցի հետ միասին։
Այս մասին Գեբրեյեսուսը գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Գեբրեյեսուսը հայտնել է, որ իսրայելցի զինվորակաները Դեյր ալ Բալահում ներխուժել են ԱՀԿ-ի շենք, որտեղ գտնվում էին աշխատակիցները՝ «ստիպելով կանանց և երեխաներին ոտքով տարհանվել դեպի ալ Մավասի (խմբ.՝ հումանիտար գոտի) ակտիվ հակամարտության պայմաններում»։
Կազմակերպության երկու աշխատակիցների և նրանց ընտանիքների երկու անդամի ձերբակալել են։ Ավելի ուշ նրանցից երեքին ազատ են արձակվել, մեկ անձ ձերբակալված է մնում։
«ԱՀԿ-ն պահանջում է ձերբակալված աշխատակցի անհապաղ ազատ արձակում և ամբողջ անձնակազմի պաշտպանություն», - գրել է նա՝ հավելելով, որ Դեյր ալ Բալահում գտնվող ԱՀԿ-ի գլխավոր պահեստը վնասվել է հարվածների առաջացրած պայթյունների և հրդեհի պատճառով։
ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ Գազայի հատվածում բժշկական օգնության և դեղորայքի սուր պակասի պայմաններում կազմակերպության շենքի վրա այդ հարձակումը հանգեցնում է նրա գործունեության և, ընդհանուր առմամբ, անկլավում առողջապահական համակարգի խաթարման: