«Այս պահին, երբ մեր վարչապետն ասուլիս է տալիս և փաստում, որ Հայաստանում այլևս վերացել են ճնշումները, Լոռու մարզում հենց այս պահին նույն այդ տնօրենները ճնշումների են ենթարկվում և կանչվում են, որպեսզի հերքումներ գրեն իրենց՝ արդեն գրած բողոքների հետ կապված։ Սա խայտառակ մոտցում է, և ես ակնկալում եմ, որ Կառավարությունը կանդրադառնա այդ խնդիրն։ Ժամ առաջ պետք է բացառել նման վարքագիծը: Կրկնում են՝ հենց այս պահին Վանաձորում տնօրենները մարզպետարանի կողմից ճնշումների են ենթարկվում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Politik.am-ը գրել էր, որ Լոռու մարզպետարանից հերքում են տեղեկությունը, որի համաձայն` մարզի դպրոցների տնօրեններին են զանգահարել Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության աշխատակիցները և բացատրություն պահանջել, թե ինչու ներկա չեն գտնվել և չեն մասնակցել «քաղաքացու օրվա» մասսայական տոնակատարությանը:
Politik.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Արմեն Եղիազարյանի հայտարարությունը մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Հրայր Հակոբյանը ասաց` պատգամավորի հայտարարության հետ կապված հավանաբար պարզաբանում կլինի, սակայն ճնշումներ չկան. «Տեղյակ չենք, թե ում մասին է խոսքը, եթե հստակ տեղեկություն կա, կարող են անուններ նշել: Իրենք` տնօրեններն են ցանկություն հայտնել հերքել պարզաբանում պահանջելու լուրը»:
Մեզ հետ զրույցում էլ Արմեն Եղիազարյանը հայտնեց, որ իր հայտարարության համար ռեալ հիմքեր կան, հակառակ պարագայում նման պատասխանատու հայտարարություն Աժ ամբիոնից չէր լինի.
«Այսօր ահազանգեր ենք ստացել, որ տնօրեններից պահանջում են հերքումներ գրել, թե մարզպետարանի կողմից պարզաբանման պահանջ չի եղել: Հասկանալի պատճառներով անուններ չենք նշի, որպեսզի չանձնավորեն, և խնդիրներ չառաջանան: Կոչ արեցի, որ իշխանական թևը և կառավարությունը հետամուտ լինեն, քանի որ այս հարցը արդեն մարզում ցանակացած տեղ շրջանառվում է»:
Աննա Հովհաննիսյան



