«Քաղաքացու օրվա» միջոցառումներին չմասնակցելու...

Լոռու մարզի դպրոցների տնօրեններին են զանգահարել Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները եւ բացատրություն պահանջել, թե ինչու ներկա չեն գտնվել եւ չեն մասնակցել «քաղաքացու օրվա» մասսայական տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է «Լոռի» հեռուստաընկերությունը, որը նամակ է ստացել դպրոցների տնօրեններից

«Հարգելի խմբագրություն, Վանաձորում, «Քաղաքացու օրվան» նվիրված մասսայական միջոցառումներին,  դպրոցների տնօրենների հիմնական մասը չի մասնակցել: Մեզնից մի մասը կարծել էր, որ դա նաև մե՛ր օրն է և տնօրինել ենք այնպես, ինչպես հարմար ենք գտել: Սա նորմալ կդիտվեր, եթե Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության աշխատակիցները չզանգեին և ճշտումներ չպահանջեին դպրոցների տնօրեններից, թե ինչու ներկա չեն գտնվել և չեն մասնակցել մասսայական տոնակատարությանը:

Ստացվում է, որ մեր մարզում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, նախկինում էլ նման միջոցառումներին  իշխանությունները պարտադրանքով էին մասնակցություն ապահովում, հիմա էլ շարունակում են ճնշումներ գործադրել, բացատրություն պահանջել  իրենց ենթակայության տակ գտնվող տնօրեններից, այս դեպքում՝ մեզնից»,- ասված է խմբագրությանը ուղարկված նամակում:

Politik.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Հրայր Հակոբյանը ասաց, որ մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը արձագանքնել է հեռուստաընկերության ստացած նամակին` ասելով, որ նման իրավիճակ չի եղել և տնօրենները ազատ են եղել տոնակատարությունը մասնակցելու ցանկության մեջ: 

Մասնավորապես` Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր` Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված համապատասխան հրապարակմանը Ռաֆայել Հարությունյանը արձագանքել է հետևյալ մեկնաբանությամբ.

«Քաղաքացու օրվա միջոցառմանը համոզված եմ, որ Ձեր տեսախցիկը ֆիքսած կլինի, որ տնօրենների հետ մեր աշխատակիցները շրջել եւ մասնակցել են մի շարք գեղեցիկ միջոցառումների։ Մեր աշխատակիցներն իրազեկել են միջոցառումների մասին, ինչպես մյուս միջոցառումների դեպքում, և ով ցանկացել մասնակցել է։ Եթե լիներ պարտադրանք համոզված եմ, որ Դուք որպես լրագրող մինչև միջոցառումը տեղեկացված կլինեիք»։

Հարությունյանը նաև ավելացրել էր` տոնին մասնակցելու պարտադրանքի բացակայությունն, ինքնին փաստում է չմասնակցելու դեպքում բացատրություն ներկայացնելու պահանջի բացակայության մասին։