Ահաբեկչական սպառնալիքի բացահայտման տեսանկյուն...

Ահաբեկչության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից է: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխի այն հայտարարությանը թե ««Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք»:

«Մշտական հիմունքներով իրականացվում է այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման պարագայում դրանք անմիջապես կկանխվեն՝ նաև գործընկեր հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների գործընկեր հատուկ ծառայությունների հետ՝ այդ թվում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ձևաչափով»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք` Օլեգ Իլյինիխն ասել էր, թե Իրաքում ու Սիրիայում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում:

«Սիրիայում ու Իրաքում խալիֆայության ռազմավարական պարտությունը «Իսլամական պետության» հետաքրքրության շրջանակը տեղափոխում է Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Հայաստանի տարածքներ»,- ասել է նա: