Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ։
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածության առնչվող հարցեր։
«Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին, վստահեցրել, որ Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ հասարակական կազմակերպության անդամները նախագահին են ներկայացրել իրենց կարծիքները։