Ագրեսիա ծնող լռության ու մուրացկանային քաղաքա...

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 44–օրյա պատերազմին վերաբերող հայտարարության մենք հանդես էինք եկել պատասխան հայտարարության ընդունման նախաձեռնությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իր առաջնորդի ցուցմամբ, մերժեց մեր նախաձեռնությունը՝ չմասնակցելով քվեարկությանը։ Պատճառաբանությունն այն էր, որ մեր առաջարկած ձևակերպումներն ու գնահատականներն, իբր, ռիսկային են ու կարող են վնասել, այսպես կոչված, խաղաղության օրակարգին։
Անցավ մի քանի օր, ու մենք հերթական անգամ տեսանք, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը գնահատում է որպես թուլության նշան ու դիմում նոր սադրանքների՝ նախապատրաստվելով նոր պատերազմի։ Հիմա Արցախը հայտնվել է շրջափակման մեջ ու կանգնած է հումանիտար աղետի շեմին։
Ադրբեջանական սադրանքներին արձագանքելու և Արցախի շուրջ ստեղծված հումանիտար, անվտանգային հարցերին անդրադառնալու նպատակով խորհրդարանական ընդդիմությունը հրատապության կարգով նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, որը պետք է կայանա վաղը (եթե, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիրը» չտապալի արտահերթ նիստը)։
Մենք առաջարկում ենք խորհրդարանի կողմից ընդունել հայտարարություն, որը մեր երկրի պաշտոնական արձագանքը պետք է լինի ստեղծված իրավիճակին։ Որպես հիմնական զեկուցող լիազորված եմ խորհրդարանում ներկայացնել կից ներկայացված հայտարարությունը և տալ դրա ընդունման անհրաժեշտ հիմնավորումները․
․ ․ ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՓԱԿԵԼՈւ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։
Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։
Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, որի չգործելը հղի է ծանրագույն հումանիտար հետևանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։
Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանիցների սադրանքները կանխելու համար։
Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը։