
Անցած տարվա սեպտեմբերից սկսած Ագրարային համալսարանի 14 կրթական ծրագրերով սովորող երիտասարդները ստանում են ամսական 70 000 դրամ կրթաթոշակ, որի նպատակն է առաջին հերթին երիտասարդի համար հնարավորություն ընձեռել ավելի շատ կենտրոնանալ իր ուսումնառության վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
«Ուսանողը սովորելով բարձր առաջադիմությամբ հնարավորություն կստանա 70-ի փոխարեն հաջորդ կուրսում ստանալ արդեն 77 000 դրամ կրթաթոշակ։ Դա նշանակում է, որ պետությունը սկսել է նաև որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ պետական օժանդակություն և զարգացումները դեռ սպասում են այս ոլորտում:
Եթե ուզում ենք ունենալ լիարժեք ապահովվածություն բարձրորակ մասնագետներով, լրացուցիչ ջանքեր են պետք և լրացուցիչ աջակցության մեխանիզմներ։ Պետության մեջ ագրոպարենային ոլորտը համարվում է պետական անվտանգության ապահովման հենասյուներից մեկը և տվյալ ոլորտի մասնագետների պատրաստումը չի կարող ուղղակի գտնվել երկրորդ պլանում։
Ագրարային համալսարանում, մենակ վերջին տարիների ընթացքում ստեղծվել է շուրջ 60 նոր ենթակառուցվածք: 70 000 դրամ կրթաթոշակը չի կարող ապահովել ցանկալի արդյունք, եթե ուսանողների մոտ չարձանագրվի կոնկրետ գործնական հմտությունների զարգացման գործընթաց:
Այս պահի դրությամբ դեռևս միակ բուհն ենք հանդիսանում որ կիրառում է աշխատանքային կիսամյակ. դա նշանակում է գործատուների հետ ունենալ համագործակցության փոխվստահության ձևաչափ որի ընթացքում մեկ ամբողջ կիսամյակ ուսանողը անցնում է գործատուի մոտ աշխատանքի, գործատուն հնարավորություն է ունենում ամբողջ օրվա ընթացքում օգտագործել նույն երիտասարդի ուժը, որպես իր մոտ աշխատող, երիտասարդը կարողանում է իրեն դրսևորել թե որպես մարդ, թե որպես մասնագետ իրական աշխատանքի պայմաններում:
Գործատուները հնարավորություն ունեն ամբողջ կիսամյակի համար նախատեսված 30 կրեդիտից 70%-ը գնահատելու: Եթե գործատուն գտնում է, որ տվյալ երիտասարդը մասնագետի որակավորումը չպետք է ստանա և անբավարար գնահատական է ստանում էդ նույն աշխատանքային կիսամյակից, երիտասարդը չի շարունակում իր ուսումը»,-ասաց ռեկտորը: