ԱԳՆ առաջարկվող նախագծով բարձրաստիճան պատվիրակ...

Արտաքին գործերի նախարարարությունն առաջարկում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նա նշեց, որ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին անհրաժեշտությունը առաջացել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով։

«Սահմանվում է, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ: Նախագծում ավելացվել է «միջազգային այլ կառույցներ» եզրույթը, որպեսզի կարգավորվի Եվրոպական միությունից ժամանող պատվիրակությունների հետ կապված հարցը, քանի որ նախկինում օրենքում գրված էր միայն «միջազգային կազմակերպություններ», իսկ ԵՄ-ն այդպիսին չի հանդիսանում»,- ասաց Սաֆարյանը։