ԱԷՄԳ-ն չունի ապացույց, որ Իրանը միջուկային ռո...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը միջուկային ռումբի ստեղծմամբ չէր զբաղվում Իսրայելի գրոհների սկսվելու պահին: Այս մասին նա հայտնել է La Nacion թերթին տված հարցազրույցում:

Գրոսին հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ն բանաձև էր ընդունել, որ Իրանը չի համագործակցում գործակալության հետ այնպես, ինչպես հարկն է, չէր տրամադրում համապատասխան բացատրություններ իր միջուկային ծրագրի տարբեր կողմերի վերաբերյալ։

«Իրանը հարստացնում էր ուրանը մինչև 60%, ինչն, ըստ էության, համարժեք է ռազմական նշանակության…. Բայց միևնույն ժամանակ, մենք հստակ նշել ենք, որ ոչ մի շոշափելի ապացույց չունենք այն մասին, որ Իրանն անցել է միջուկային զենք մշակելու փուլին», - ասել է նա։ 

Լրագրողը կրկին հարց է ուղղել՝ արդյոք Իրանը պատրաստում էր միջուկային զենք։

«Այս պահին պատասխանն է «ոչ»: Բայց դեպի դա տանող շատ տարրեր կային։ Այս պահին մենք փորձում ենք հասկանալ, թե որոնք էին Իրանի մտադրությունները։ Իսկ ԱԷՄԳ-ն մտադրությունները չի դատում։ Մտադրություններն, ամեն դեպքում, դատում են Իսրայելը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը կամ հենց իրենք՝ իրանցիները», - ասել է Գրոսին:

Գրոսին նաև զգուշացրել է շահարկումներ չանել այն թեմայի շուրջ, թե որքան ժամանակ կարող էր պահանջվել Իրանից միջուկային ռումբ պատրաստելու համար: 

«Անհրաժեշտ է մեծ զգուշությամբ մոտենալ ժամանակագրական հարցերին: Մենք բոլորս հիշում ենք այն ողբերգական հայտարարությունը, թե Իրաքին 45 րոպե է անհրաժեշտ  զենքի համար.... Բայց նա (Իրանը) հեռու չէր», - հավելել է ԱԷՄԳ ղեկավարը: