
Ադրբեջանը որևէ պատճառ չունի Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար։
Սյս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարո՞ղ է վտանգ ներկայացնել նաև Հայաստանի համար։
«Բնականաբար, ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես Հայաստանի սահմանակից երկրում, առաջացնում է մտահոգություններ, որը կարող է ընդհանուր առմամբ լարել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակմանը, ես պետք է շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի որևէ պատճառ և լեգիտիմություն նման գործողություն սկսելու համար», – ընդգծեց պատգամավորը։
Խանդանյանը հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։
«Հայաստանը աշխատում է, և շարունակվում են բանակցություններն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպիսի՞ն է ռազմական գործողությունների հավանականությունը այս փուլում, Խանդանյանը պատասխանեց․
«Ես նման գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ նորից կրկնել՝ ագրեսիայի որևէ առիթ, պատճառ և լեգիտիմություն չկա»։