Ադրբեջանը որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերու...

Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության եւ անվտանգության ապահովման հարցում, եւ դրա հիմնավորումները բազմաթիվ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ, դեռեւս 2022-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաեւ սահմանային անվտանգության հարցերը: ՀՀ-ն պայմանավորվածության համաձայն ստեղծեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաեւ սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն: Իսկ Ադրբեջանը ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմի ց ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության բաղադրիչը:

Այս  եւ մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- հայտարարեց Փաշինյանը: