Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ Տեղ գյուղի հատվածում առաջխաղացում գրանցած Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան այնտեղ, որտեղից առաջխաղացում են ունեցել:
Այս մասին Սյունիքի մարզպետն ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
Խոսելով Տեղ գյուղի այն բնակիչների մասին, որոնք Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով կորցրել են իրենց վարելահողներն ու արոտավայրերը՝ մարզպետն ասաց, որ մարդիկ, որոնք այսօր չեն կարող մուտք գործել իրենց տարածքներ, այս տարվա չիրացված եկամտի համար կստանան աջակցություն: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել»,-նշեց մարզպետը:
Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ գնալու մասին տեղեկություններ ո՞ւնի՝ նա ասաց՝ գիտի, որ ինչ-որ տեղերից հետ գնացել են, բայց թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր, չի կարող ասել:
«Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից: Դա միանշանակ դիրքորոշում է»,-ասաց Ղուկասյանը:
Մարզպետը նաև հայտնել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մարզում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել
Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ հայկական և ադրբեջանական կողմերը սահմանին ինժեներական աշխատանքներ են իրականացնում։