Ադրբեջանը հետևողականորեն nչնչացնnւմ է օկուպաց...

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը հետևողականորեն ոչնչացնում է ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտի հայկական դիմագիծը՝ դրա փոխարեն կեղծ հիմքերի վրա կառուցելով «ադրբեջանական ինքնության» վերբացահայտման խեղաթյուրված տարբերակ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Ադրբեջանական քարոզչական մեդիայի տարածած կադրերը(https://www.youtube.com/watch?v=LiuaifPSn5U) որտեղ Իլհամ Ալիևը շրջում է գրեթե ավերակ դարձած քաղաքում, հստակ ցույց են տալիս Բաքվի մշակութային ցեղասպանության իրական պատկերը։ Ստեփանակերտի` ամբողջությամբ ավերված բնակելի թաղամասերի տեղում կառուցվում են «Հաղթանակի պուրակ» և մզկիթ՝ նպատակ ունենալով վերացնել քաղաքի հայկական անցյալը և փոխարենը ստեղծել կեղծ ադրբեջանական ներկայություն։

Ակնհայտ է, որ այս գործողությունները ոչ մի աղերս չունեն պատմական արդարության հետ, քանի որ ո'չ Ստեփանակերտում, ոչ Քարինտակում, ո'չ Հադրութում, ո'չ էլ Բերձորում երբևէ մզկիթներ չեն եղել` պատմական և ոչ մի փուլում։ Շատ պարզ տրամաբանությամբ, որ այս տարածաշրջանում երբեք գոյություն չի ունեցել ադրբեջանական պետություն ` մինչև 1918֊20 թթ.։ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տեղում, կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ (https://monumentwatch.org/.../%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7.../), ինչը վկայում է Բաքվի մշակութային բռնազավթման հետևողական քաղաքականության մասին։

Այս ամենը Ադրբեջանի կողմից վարվող պետական մակարդակի քաղաքականության մի մասն է, որը նպատակաուղղված է ոչ միայն Արցախի հայկական մշակութային ժառանգության լիակատար վերացմանը, այլև նրա բռնի իսլամացմանը։ Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության պասիվությունից, հաճախ էլ` ակնհայտ անտարբերությունից, բացահայտ իրականացնում է մշակութային ցեղասպանության իր ծրագրերը՝ Արցախի հայության ինքնությունը ջնջելու և նրա պատմական տարածքն ադրբեջանականացնելու նպատակով»,-գրել է նա։