Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պ...

 Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD) պատգամավոր Դիտմար Նիթանը ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ հանդիպմանը հաստատել է իր հանձնառությունն առ այն, որ թե՛ Բունդեսթագը, թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն։  Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Այսօր Բունդեսթագում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։ Մեր դիրքորոշումը համընկնում է. Հայաստանի սահմանների և տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք տեղի են ունենում ադրբեջանական ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում՝ անընդունելի են։ Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը ուղղված բանակցությունները՝ ի վերջո հասցեագրելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարող են հանգեցնել երկու երկրների ժողովուրդների միջև միմյանց կողքի խաղաղ բնակվելուն։ Ես դեսպանին հաստատեցի իմ հանձնառությունը առ այն, որ թ՛ե Բունդեսթագը և թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն»,- նշել է Դիտմար Նիթանը։