Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել:
«Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն է տրամադրել»,–ասաց Քարազյանը։
Նրա խոսքով` ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես` նրանց բուժզննման և այլ հարցերի հետ կապված, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկատվություն է տվել։ Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։



