Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփա...

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում (դեսպանը օգտագործել է Խանքենդի անվանումը) կանցկացվի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ադրբեջանի պետական AzTV հեռուստակայանին տված հարցազրույցում թուրք դեսպանը նշել է․ «Խանքենդին դառնում է միջազգային դիվանագիտական հարթակ»:

Դեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:

Աքգյունը հավելել է, որ երկու երկրներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին: Դեսպանի գնահատմամբ՝ սա վկայում է ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը կապի մասին:

ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը: