Ադրբեջանում պահվող հայերի հարցը դեռևս լուրջ խ...

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություններին։

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել, ինչի վկայությունն է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը։ Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են նաև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ 

«Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր․ Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,– նշեց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

«TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև»,-ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը նաև նշեց, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը, որը, ըստ նրա, կարող է նոր խթան դառնալ տարածաշրջանային կայունության և փոխշահավետ համագործակցության համար։