Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը:
Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի, այդ թվում՝ TRIPP երթուղու հետ կապված հարցեր, ինչպես նաև տնտեսական ներդրումների ոլորտներում երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը։
Բացի այդ, քննարկումը կենտրոնացած է եղել ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Ադրբեջանում առկա համապատասխան ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարների հետ ծանոթացնելու վրա։
Բարձր են գնահատվել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակներում տեղի ունեցած երկկողմ շփումների և կոնկրետ ոլորտների վերաբերյալ քննարկումների արդյունքները։



