Ադրբեջա՞նն է արգելում հայկական դիրքեր լուրջ զ...

«Հետք» պարբերականի հոդվածում վարժական հավաքի մասնակցի կողմից մատնանշված խնդիրներին ու թերություններին անդրադարձել էր ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ ԳՇ պետն անձամբ այցելել էր նշված հենակետ, որտեղ ծառայություն էր իրականացրել հրապարակման հեղինակը, և անդրադարձել զենք-զինամթերքի վերաբերյալ բարձրացված հարցերին։

Ասրյանը պարզաբանել է, որ եթե հերթապահության պահին խոշոր տրամաչափի որոշ զինատեսակներ անմիջականորեն դիրքում չեն գտնվում, դրանց համապատասխան փամփուշտներն ու արկերը մշտապես պահպանվում են տեղում՝ հերթափոխի կամ դիրքի ուժեղացման ժամանակ անհրաժեշտ կիրառությունն ապահովելու համար։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը խիստ մտահոգիչ է համարում ԳՇ պետի այս հայտարարությունը։

«Այդ մարդը մարդկանց ֆռացնելու հունարին չի տիրապետում։ Ինքն անկեղծ ասում է, որ խոշոր տրամաչափի զենք չկա, բայց չի մտածել, որ իր խոսքը մասնագետ կլսի ու իր հարցերը կունենա։ Ես իրավունք ունեմ ենթադրելու, որ Ադրբեջանի պահանջով առաջին գիծ խոշոր տրամաչափի զենք չեն տանում»,— Politik.am-ի հետ զրույցում ասաց Նահապետյանը։

Նահապետյանի խոսքով՝ եթե իր մտահոգությունը հաստատվի, ապա դա կնշանակի, որ խոշոր տրամաչափի զինատեսակների՝ առաջնագծում չլինելը պարզապես ռազմական որոշման հետևանք չէ, և այդ գործընթացը կարող է նաև վերահսկվել։

«Եթե իմ մտահոգությունը հաստատվի, նշանակում է՝ կան նաև վերահսկողներ, որոնք հետևում են, որ այդ զինատեսակները առաջնագծում չլինեն։ Իսկ նման իրավիճակն էականորեն թուլացնում է Հայաստանի առաջնագծի պաշտպանությունը»,— նշեց ռազմական փորձագետը։