
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։
- Պարոն Գրիգորյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը:
- Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։
Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը։