Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելուց հետո...

Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը պաշտոնաթող է եղել դպրոցներում կրոնական հագուստի սահմանափակման վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումը քննադատելուց հետո։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով քաղաքական գործչի շրջապատին։

«Պարոն նախագահն էր ինձ նշանակել այդ պաշտոնին, և ես հեռացա նրա հանձնարարությամբ։ Ոչ մեկից նեղացած չեմ», — լրագրող Թալաթ Աթիլլայի հետ զրույցում Սարալի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Սարալի խոսքով՝ իր պաշտոնաթողությունը, հավանաբար, կապված է Ադրբեջանի վերաբերյալ արած հայտարարությունների հետ։

Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ էր կատարել պետական դպրոցների աշակերտների արտաքին տեսքը կարգավորող կանոններում։ Նոր կարգով աշակերտներին արգելվում է կրել հագուստի այնպիսի տարրեր, որոնք խախտում են միասնական դպրոցական համազգեստի չափանիշները կամ չեն համապատասխանում կրթության աշխարհիկ բնույթին։ Որոշումը քննադատության էր արժանացել Թուրքիայի քաղաքական և հասարակական մի շարք շրջանակների կողմից։ Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Սարալը սոցիալական ցանցերում դեմ էր արտահայտվել Բաքվի որոշմանը՝ հայտարարելով, որ չի կարելի խոչընդոտել կրոնական հագուստ կրող աշակերտուհիների կրթության իրավունքը։