Ադրբեջանի ՊՆ զորամասերում մտցվել են զինծառայո...

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերում զինծառայողների հետ հանդիպումների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը սահմանափակումները բացատրել է նրանով, որ «ձմռանը օդի ջերմաստիճանի անկման պատճառով վերջին օրերին Ադրբեջանում նկատվում է սեզոնային շնչառական վիրուսային վարակների դեպքերի աճ։ Ադապտացիոն շրջան անցնող նորակոչիկների առողջությունը պահպանելու նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել զորամասերում նրանց հետ հանդիպումների համար»։ Տեղեկացվել է, որ «զորամասերում փակ ռեժիմը եւ հանրության հետ շփման սահմանափակումները թույլ են տալիս հրամանատարական կազմին եւ ռազմաբժշկական անձնակազմին արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ զինծառայողների առողջությունը պաշտպանելու համար»։