Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխա...

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Նշենք, որ վերջին 2 օրվա ընթացքում Ադրբեջանն արդեն նույն բովանդակությամբ 4-րդ ապատեղեկատվությունն է տարածում: