Ադրբեջանի պահանջն է․ ինչու են հեռացնում հերոս...

Օրեր առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Հանրապետության տարբեր հատվածներում և տարբեր կառույցներում հեռացնում են «Փառքի անկյուն»-ները։

Հրապարակվեց, որ Արարատում արդեն իսկ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։ Սակայն համայնքապետարանից պարզաբանեցին, թե, իբր, վերանորոգման պատճառով են նկարները հեռացվել։

Այսօր՝ փետրվարի 12-ին, հրապարակումներ եղան, որ հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Նժդեհի նկարները, Արցախի Հանրապետության քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։

ՊՆ-ն պարզաբանում տարածեց, թե՝ իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ «Փառքի անկյուն»-ներում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ։

Politik.am-ի տեղեկություններով հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմի պահանջներից մեկը վերաբերվել է արցախյան ազատագրական պայքարի մասնակիցներին հերոսացնելու հարցին։ Ադրբեջանական կողմը նրանց համարում է «ահաբեկիչներ» և բանակցությունների ընթացքում առաջարկել է ապագա խաղաղության պայմանագրում ունենալ կետ, որով  Հայաստանը պետք է պարտավորվի պատժել բոլոր նրանց, ովքեր կխոսեն կամ կգործեն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» դեմ։ Ըստ այդ պահանջի չպետք է հերոսացվեն արցախյան պատերազմի մասնակիցները։

Այս տեղեկությունները բացատրում են իշխանությունների քայլերի իմաստը։ Ըստ ամենայնի սա Ադրբեջանի հերթական պահանջի կատարումն է։ Մենք հրաժարվում ենք մեր ինքնության համար պայքար տված մարտիկներից, միայն թե «խաղաղություն» լինի։