Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտա...

Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողության շրջանակում իր ելույթում:

«Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան 2 ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագիրը մնում է չպարզաբանված: 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո: «Իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր»,-նշեց Միրզոյանը: